Բույսերի վերատնկում և խնամք

Այսօր Հյուսիսային դպրոց-պարտեզի պարտիզպաններն իրականացրեցին բույսերի վերատնկում և խնամք: Արդեն իսկ ծանոթ լինելով քլորոֆիտում բույսին և նրա բազմացմանը՝ մայր բույսից առանձնացրեցին ձագուկներին և վերատնկեցին նոր թաղարի մեջ, իսկ միջանցքներում տեղադրված բույսերը խնամեցին՝ հեռացնելով վնասված տերևները:

Ծաղկային օազիս

«Կանաչ ցանկապատ» նախագծի շրջանակում Քոլեջում իրականացվեց նաև «Ծաղկային օազիս» նախագիծը: Նախապես որոշվեց տարածքը, տեխնոլոգ-դիզայների օգնությամբ կազմվեց գծագիրը և Քոլեջի մի խումբ սովորողներ ու դասավանդողներ անցան գործի: Հեռացվեցին քարերը, թարմացվեց հողը, թաղարներում արդեն աճեցրած Քրիզանթեմ տեսակի բույսը տեղափոխվեց այդ տարածք: Աշխատանքներն սկսված են, աստիճանաբար տարածքները կընդլայնվեն:

Կանաչ պատ

«Կանաչ ցանկապատ կամ պատ» նախագծի շրջանակում այսօր Քոլեջի մի խումբ սովորողներ և դասավանդողներ իրականացրեցին վայրի խաղողի տնկիների տեղափոխումը տնկարանից ետնամուտքի պատերի երկայնքով: Տեխնոլոգ-դիզայներ տիկին Թամարի օգնությամբ նախապես ընտրվեց տարածքը, իսկ հմուտ պարտիզպան տիկին Էվելինայի ցուցմունքներով սովորողները տնկեցին մագլցող բույսը:

Կանաչ պատ

«Կանաչ ցանկապատ կամ պատ» նախագծի շրջանակում Հյուսիսային  դպրոցի-պարտեզի պարտիզպաններն այցելեցին Քոլեջ՝ ձեռք բերելու մագլցող բույսեր: Շրջեցին ջերմոց-լաբորատորիայում, նրանց գրավեց կենդանիների նորաստեղծ անկյունը: Տիկին Շողիկի ուղեկցությամբ եղան Քոլեջի այգում, ծանոթացան մի շարք մագլցող բույսերի հետ: Հատկապես գրավիչ էր հնդկական նուռն իր դեղնանարնջագույն պտուղներով: Իրենց ձեռքով քաղեցին, համտեսեցին, իսկ սերմերը պահ տվեցին՝ հետագայում տնկելու նպատակով: Մագլցող բույսերից տիկին Շողիկն առանձնացրեց վայրի խաղողը, քանի որ այն ցրտադիմացկուն է: Վերցնելով տասնյակ տնկիներ և կտրոններ՝ շարժվեցին դեպի Հյուսիսային դպրոց-պարտեզ, որտեղ ընկեր Հովիկի օգնությամբ բոլորը մասնակցեցին տնկման աշխատանքներին: Վստահ ենք, որ մենք էլ կունենանք մեր տնկարանը:

Կոմպոստ. աշխատանքները շարունակվում են

Կոմպոստի պատրաստման աշխատանքները շարունակվում են: Սովորողները մեծ ոգևորությամբ իրականցնում են թիմային գործունեություն, որի արդյունքում ձևավորվում են միմյանց օգնելու և գործն ավելի ճիշտ կազմակերպելու կարողություններ: Իրականացնելով նմանատիպ նախագծեր՝ ձևավորվում են փոքրիկ, հմուտ պարտիզպաններ:

Գետը համայնքում: Փնջային հավաք

«Գետը համայնքում: Փնջային հավաք» նախագծի շրջանակում կրթահամալիրի հյուրերն էին Սևանի ավազանի Ծովագյուղի Մուրացանի անվան, Սեմյոնովկայի հիմանական և  Արտանիշի միջնակարգ դպրոցների տնօրենները, դասավանդողները և սովորողները: Ըստ պայմանավորվածության հանդիպեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում և շարժվեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ մեր հյուրերին դիմավորեց Տիար Բլեյանը: Փոքրիկ զրույցից հետո կրթական փոխանակումներ նախագծով նրանք Մայր դպրոցում մասնակցեցին միասնական ուսումնական պարապմունքներին: Եղան խեցեգործության լաբորատորիայում, Հյուսիսային դպրոց-պարտեզում, Սեբաստիա համերգասրահում, որտեղ էլ կայացավ «Գետը համայնքում» նախագծով հավաք-քննարկում-ասուլիսը: Այս ամենին հաջորդեց մասնակցություն Մեդիաուրբաթին: